ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ


«ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության ուղեցույցի» մշակման փորձագետի ընտրության համար


1. Ընդհանուր տեղեկատվություն
«Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Պատվիրատու) Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանում ԼԳԲՏՔԻ իրավապաշտպանների, համայնքային առաջնորդների և ակտիվիստների ֆիզիկական անվտանգության, ճանապարհորդությունների անվտանգության և համայնքային պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում Պատվիրատուն հայտարարում է բաց մրցույթ «ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության ուղեցույցի» մշակման փորձագետի (խորհրդատուի) ընտրության համար։
Ընտրված փորձագետը պատասխանատու կլինի ԼԳԲՏՔԻ անձանց համար անվտանգության գործնական ուղեցույցի մշակման, իրավիճակային ուսումնական նյութերի պատրաստման, համայնքի ներկայացուցիչների հետ փորձնական քննարկման անցկացման, ստացված առաջարկությունների հիման վրա նյութերի լրամշակման, ինչպես նաև վերջնական ուղեցույցի պատրաստման համար։


2. Առաջադրանքի նպատակն ու ծավալը
Ընտրված փորձագետը (այսուհետ՝ Խորհրդատու) պատասխանատու կլինի ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության ուղեցույցի մշակման գործընթացի իրականացման համար։
Մասնավորապես, Խորհրդատուն պարտավոր կլինի՝
ուսումնասիրել ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության հետ կապված հիմնական ռիսկերը և գործնական կարիքները,
մշակել «ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության ուղեցույց»,
ուղեցույցում ներառել ռիսկերի ճանաչման, անվտանգ վարքագծի, լարված իրավիճակների կանխարգելման, անվտանգ հեռանալու ռազմավարությունների և արտակարգ իրավիճակներում արձագանքման վերաբերյալ գործնական առաջարկություններ,
մշակել առնվազն 20 իրավիճակային քարտ (Situational Cards)՝ հիմնված հնարավոր կամ իրական անվտանգության իրավիճակների վրա,
համագործակցել Պատվիրատուի թիմի հետ ուղեցույցի բովանդակության մշակման ընթացքում,
կազմակերպել և անցկացնել մեկ փորձնական քննարկում (Pilot Session) ԼԳԲՏՔԻ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ,
հավաքագրել մասնակիցների դիտարկումներն ու առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում կատարել ուղեցույցի և իրավիճակային քարտերի լրամշակում,
Պատվիրատուին ներկայացնել ուղեցույցի և բոլոր կից նյութերի վերջնական տարբերակները։
Խորհրդատուի կողմից մշակված բոլոր նյութերը պետք է լինեն գործնական կիրառման համար նախատեսված, հասկանալի, մատչելի և համապատասխանեն ԼԳԲՏՔԻ համայնքի անվտանգության կարիքներին։


3. Ժամանակացույց
Խորհրդատվական ծառայությունները կիրականացվեն ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝ Պատվիրատուի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։
Աշխատանքների իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան (անհրաժեշտության դեպքում՝ առցանց հանդիպումների համակցմամբ)։
Խորհրդատուն պարտավոր է աշխատանքների մեկնարկից առաջ Պատվիրատուի հետ համաձայնեցնել աշխատանքային պլանը և ուղեցույցի մշակման ժամանակացույցը։
Աշխատանքների ավարտին Խորհրդատուն Պատվիրատուին պետք է ներկայացնի՝
«ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության ուղեցույցը»,
առնվազն 20 իրավիճակային քարտ,
փորձնական քննարկման անցկացման հաստատող նյութերը,
մասնակիցների առաջարկությունների ամփոփագիրը,
լրամշակված և վերջնականացված ուղեցույցը։


4. Խորհրդատուի պահանջվող որակավորումները
Դիմորդը պետք է ունենա՝
անվտանգության, մարդու իրավունքների, համայնքային զարգացման, կրթական նյութերի մշակման կամ հարակից ոլորտներում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ,
ուղեցույցների, մեթոդական նյութերի կամ ուսումնական ձեռնարկների մշակման փորձ,
վերապատրաստումների, աշխատարանների կամ համայնքային քննարկումների կազմակերպման և անցկացման փորձ,
ցանկալի է ունենալ ԼԳԲՏՔԻ համայնքի, մարդու իրավունքների կամ խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ,
հայերեն լեզվի գերազանց, իսկ անգլերեն լեզվի լավ իմացություն,
բարձր վերլուծական, հաղորդակցման և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։


5. Վարձատրություն և պայմաններ
Խորհրդատուի վարձատրության չափը կսահմանվի բաց մրցույթի արդյունքների հիման վրա։
Դիմորդները պետք է ներկայացնեն ֆինանսական առաջարկ, որը պետք է ներառի ուղեցույցի մշակման, իրավիճակային քարտերի պատրաստման, փորձնական քննարկման կազմակերպման, նյութերի լրամշակման և առաջադրանքի կատարման հետ կապված մյուս աշխատանքների ամբողջական արժեքը։
Վճարումն իրականացվելու է Պատվիրատուի և ընտրված Խորհրդատուի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն։
Վճարման պայմանները, աշխատանքների կատարման վերջնաժամկետները, արդյունքների ընդունման կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն կնքվող պայմանագրով։
Խորհրդատուն պարտավորվում է ապահովել մշակված բոլոր նյութերի ինքնատիպությունը, պահպանել ծրագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիությունը և բոլոր աշխատանքային արդյունքների նկատմամբ օգտագործման իրավունքները փոխանցել Պատվիրատուին՝ պայմանագրով սահմանված կարգով։


6. Գնահատման ընթացակարգ
Դիմումները կգնահատվեն «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ-ի կողմից ձևավորված ընտրող հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափանիշներով․
մասնագիտական փորձ և համապատասխանություն առաջադրանքի պահանջներին,
անվտանգության ուղեցույցների, ուսումնական նյութերի կամ համայնքային անվտանգության գործիքների մշակման փորձ,
առաջարկվող տեխնիկական մոտեցման, մեթոդաբանության և աշխատանքային պլանի որակն ու իրատեսությունը,
ֆինանսական առաջարկի հիմնավորվածությունը և համապատասխանությունը նախատեսվող աշխատանքների ծավալին։
Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում անցկացնել հարցազրույց կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ, ինչպես նաև պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ։
Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած դիմում՝ առանց հիմնավորման պարտավորության։


7. Ինչպես դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
ինքնակենսագրություն (CV),
կարճ մոտիվացիոն նամակ կամ տեխնիկական առաջարկ, որտեղ կներկայացվի առաջադրանքի իրականացման մոտեցումը և մեթոդաբանությունը,
ֆինանսական առաջարկ,
առկայության դեպքում՝ նախկինում մշակված համանման ուղեցույցների, կրթական նյութերի կամ խորհրդատվական աշխատանքների օրինակներ կամ դրանց ցանկը։
Փաստաթղթերը պետք է ուղարկել Պատվիրատուի կողմից հայտարարված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև 2026 թ. Օգոստոսի 15-ը ներառյալ:
Նամակի վերնագրի դաշտում պարտադիր նշել՝
«Բաց կանչ՝ «ԼԳԲՏՔԻ անձանց անվտանգության ուղեցույցի» մշակման փորձագետ»։
Ուշացած, թերի կամ պահանջվող փաստաթղթերը չներառող դիմումները չեն դիտարկվի:

📄 PDF Viewer